Բլոգեր, արձակագիր, մի շարք գրքերի հեղինակ Նարինե Աբգարյանն իր «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպով ընդգրկվել է բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի վարկածով՝ Եվրոպայի լավագույն ժամանակակից հեղինակների ցանկում:

Այս մասին տեղեկացրել է գրողը՝ իր ֆեյսբուքի էջում։ «Իմ՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպով հայտնվել եմ The Guardian-ի ցուցակում։ Մնաց՝ ապրենք մինչև Էդինբուրգյան գրքի տոնավաճառ։ Հուսամ մինչ այդ ամեն ինչ կխաղաղվի ու կյանքն իր հունով կգնա։ Շատ-շատ եմ դա ուզում»,- գրել է նա։
Նրա ամենահայտնի ստեղծագործությունը, որը մեծ պահանջարկ գտավ, ինքնակենսագրական «Մանյունյա» վեպն է։

Մարտին Նարինե Աբգարյանի «Երկնքից ընկավ երեք խնձոր» ստեղծագործությունը տպագրվել է նաև անգլերեն։ Մինչ այդ այն թարգմանված է եղել 12 լեզուներով։
2016թ․-ին այն արժանացել է ռուսական «Յասնայա պոլյանա» գրական մրցանակին։ Վեպը լավագույնն է ճանաչվել «21-րդ դար» անվանակարգում:

«Երկնքից ընկավ երեք խնձոր» գիրքը պատմում է բարձր լեռներում կորած մի փոքրիկ գյուղի ու նրա բնակիչների մասին` մի քիչ տարօրինակ, մի քիչ փնթփնթան։
Նարինե Աբգարյանը ծնվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 1971 թվաանին: Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։ 1993 թվականից ապրում է Մոսկվայում։