«Եթե այդտեղ` ապագայում, անկախ պետություն ունեք, ամեն բան արե՛ք, որ այլևս երբեք, երբեք չկորցնեք ձեր անկախությունը» . Խրիմյան Հայրիկի նամակը

Այդտեղապագայում, հուսամ արդեն անկախ պետություն ունեք և իրագործել եք մեր դարավոր երազանքը: Եթե այո, ապա դուք հիմա ապրում եք ինչ-որ մեկի իրագործված երազանքի մեջ: Միլիոնների երազանքի մեջ: Հուսամ գիտակցում եք ձեզ բաժին հասած բախտի զորությունը: Կուզենայի իմանալինչպիսին է այդ երազանքն իրականում: Բայց քանի որ չեմ կարող աչքովս տեսնել, թույլ տվեք խոսքս հղել այս նամակով, և եթե կարդաք այս տողերը ես կդառնամ ձեր ներկայի և իմ ապագայի մի մասնիկը:

Երբ գնացի Բեռլինի կոնգրեսմեր ժողովրդի իրավունքները բարձրաձայնելու համայն աշխարհով, միայն այդժամ հասկացա, որ նախ և առաջ պետք է ունենալ իրավունք ունենալու իրավունք: Այդ իրավունքը նվաճում են զենքով: Երևի լսել եք երկաթե շերեփի մասին: Եվրոպական քաղաքակիրթ ազգերը, որոնք մեզ թվում էին օրինապաշտ և արդար, խղճահարությունից բացի ոչինչ մեզ չտվեցին: Ռուսաստանը, որ թվում էր մեր ժողովրդի մեծ բարեկամն է, իր շահերից բացի ոչինչ չէր տեսնում և չէր լսում: Հայ ժողովուրդը կարծես ձմռան սառնամանիքին դրսում հայտնված անոթի երեխա լիներ, որի առջև բոլորը փակեցին իրենց տան դռները: Հայ ժողովուրդը անտեր էր: Բայց ամենից կարևորը, որ ես հասկացա՝ այն էր, որ մենք տերեր չպետք է փնտրենք դրսում:

Այդտեղապագայում, վստահ եմ դուք չեք փնտրում օտար տերերի և ձեր հույսը չեք կապում ոչ եվրոպացիների, ոչ ռուսների և ոչ էլ մեկ այլ պետության հետ: Եթե ունեք անկախ պետություն, ապա ձեր միակ տերը պետք է լինի ձեր իսկ կառավարությունը: Հուսամ, որ կառավարությունը ձեզ անտեր չի թողնում, իսկ եթե անտեր է թողնում` ի՞նչ իմաստ ունի ձեր անկախությունը: Ժողովրդի ամենամեծ դժբախտությունն այն է, որ իր միջից դուրս եկած ղեկավարներն իր հետ վարվում են նույնկերպ, ինչպես օտարները:

Մենք դարեր շարունակ ապրեցինք օտարի լծի տակ: Մեզ հետ վարվեցին դաժանորեն և անարդար, մենք փնտրեցինք արդարություն և չգտանք: Եթե ունեք անկախ պետություն, հուսով եմ` այդտեղ արդարություն կա: Թուրքը հայի հետ շատ անարդար վարվեց: Հայը հայի հետ մի՞թե կարող է նույնկերպ վարվել:

Այստեղանցյալում, մեր ժողովրդի ամենամեծ ողբերգություններից մեկն իր տգիտությունն է: Անկիրթ ժողովուրդն ինչպե՞ս կարող է իր տեղը գտնել այս խորամանկ աշխարհում: Թուրքիո իշխանությունները դա թույլ չեն տալիս, քանզի մեր ժողովրդի կրթության մեջ իրենց վտանգն են տեսնում: Որքան մեծ է ժողովրդի կրթությունը, այնքան զուսպ կլինի իշխանությունը: Ես իմ ողջ կյանքը նվիրեցի հայկական գավառներում լուսավորություն տարածելուն, բայց միայնակ շատ բան չկարողացա անել: Եթե դուք պետություն ունեք կրթե՛ք մեր ժողովրդին, լուսավորություն տարածե՛ք գավառներում: Անկիրթ ժողովուրդն անկիրթ տերերի կընտրի, որոնք կհարստահարեն իրեն, և մի օր ստիպված` անկիրթ ժողովուրդն օտար տերերի կընտրի:

Այնժամ, երբ հասարակ ժողովուրդը գավառներում կտքնի կացության ծանր բեռի տակ, մեծահարուստ հայերը Պոլոսում կապրեն ցոփ խրախճանքի մեջ: Նրանք անտարբեր են ժողովրդի դրությանըկարծես օտար լինեն: Թուրքիո իշխանություննները նրանց հետ նույնիսկ կդաշնակցեն, որ ժողովրդին հնազանդ պահեն: Հուսամ ձեր պետության մեջ մեծահարուստներն այդպես անբարտավան չեն և չեն դաշնակցի վատ իշխանության հետ` ընդդեմ ժողովրդի:

Երբ 1876 թ. օսմանյան սահմանադրությունն ընդունվեց, մեզանում փրկության հույս արթնացավ: Կարծեցինք, որ հինգ հարյուր տարեկան Թուրքիո պառաված և ամուլ մայրը երկնելովհին աշխարհի համար նոր մանուկ սահմանադրություն կծներ: Բայց մեր հույսերը չարդարացան, և ժամանակը ցույց տվեց, որ դրանք թղթին գրված գեղեցիկ տառեր էին, իսկ ժողովուրդը շարունակեց տառապել: Այդտեղ` ապագայում, գուցե դուք էլ գեղեցիկ սահմանադրություն և օրենքներ ունեք: Ես կփափագեմ, որ ձեր օրենքները թղթի վրա չեն մնում, ինչպես օսմանյան սահմանադրությունը:

Եվ վերջում կուզենամ պատգամելունեցե՛ք այնպիսի դեսպաններ, ովքեր պատշաճորեն կբարձրաձայնեն ժողովրդի պահանջները համայն աշխարհին, և հոգևորականն իր հոտը թողած չի զբաղվի դիվանագիտությամբ: Ունեցե՛ք ղեկավարներ, որոնք կսիրեն ժողովրդին, զի հայ ժողովուրդը շատ է տառապել օտար ղեկավարների ատելությունից: Եվ եթե այդտեղ ապագայում, անկախ պետություն ունեք, ամեն բան արե՛ք, որ այլևս երբեք, երբեք չկորցնեք ձեր անկախությունը: Եվ երբեք մի՛ փնտրեք օտար տերերի:

Նամակը երևակայական է: Հեղինակ` Հայկ Կոնջորյան lragir.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *