Մոսկվայում ընթանում է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը, որի ընթացքում պետք է քննարկվի Հայաստանում ռուսական զորքերին լրացուցիչ տեղակայման համար անշարժ և այլ գույք տրամադրելու կարգը: Բաքվի լրատվամիջոցներն արդեն գրում են, որ Սյունիքի մարզում կհայտնվի երկրորդ ռուսական բազան: Հայաստանի և Իրանի սահմանին ոչ միայն ռուս սահմանապահներ կլինեն, այլև բանակային ստորաբաժանումներ, որոնք եւ կապահովեն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»:

Մենք կողմ ենք ցանկացած միջանցքի, ցանկացած երթուղու շահագործմանը, բայց առանց պետությունների սահմանները փոխելու, Turan-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին:
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հարավային մասի բռնազավթումն է և Հայաստանն Իրանից կտրելը: Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ նման զարգացումն անընդունելի է:

Մի քանի շաբաթ առաջ Իրանի տրանսպորտի նախարար Մոհամադ Էսլամին Նախիջևանում քննարկել է Իրանի տարածքով Նախիջևանի կապը Ադրբեջանի այլ շրջանների հետ: Փաստորեն, Թեհրանը Բաքվին առաջարկել է «Զանգեզուրի միջանցքը» բացել ոչ թե Հայաստանի, այլ Իրանի տարածքով:
Մայիսին, երբ մեծ էր Հայաստանի կողմից նոր եռակողմ հայտարարության ստորագրման հավանականությունը, Իրանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարները ժամանեցին Երևան: Թեհրանի կոշտ արձագանքը պատճառներից մեկն էր, որ հայտարարության ստորագրումը հետաձգվեց մինչև «ընտրություններից հետո»:

Իրանցի քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը կարծում է, որ ՀՀ կառավարությունը չի արձագանքում Իրանի պատրաստակամությանը՝ համագործակցել երկու երկրների համար ոչ շահեկան նախագծերը կասեցնելու հարցում:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի տարածքում ցանկացած հաղորդակցություն պետք է լինի Երեւանի իրավասության ներքո: Իսկ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ միջանցքների մասին խոսք չի կարող լինել: Սակայն Հայաստանը իր տարածքի հարավի վերահսկողությունը հանձնում է Ռուսաստանին:

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը խոստովանել է, որ եռակողմ հանձնաժողովում քննարկվում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցությունը։ Միաժամանակ լուծվում են Հայաստանից դեպի Ռուսաստան, Ռուսաստանից դեպի Իրան՝ Ադրբեջանով հաղորդակցության հարցերը։
Նա ասել է, որ գլխավոր խնդիրներից մեկն է Հայաստանի ապաշրջափակումը։ Սակայն «ապաշրջափակման» քողի տակ արդեն փակվել է Վարդենիս-Ստեփանակերտ ճանապարհը, իսկ «Զանգեզուրի միջանցքը» կարող է շրջափակել նաեւ Վրաստանից Իրան Հյուսիս-Հարավ մայրուղին։

Այն հարցին, թե ինչպե՞ս պետք է «միջանցը» կառուցվի, եթե Իրանը Արաքս գետի վրա երկու խոշոր ջրամբար է կառուցել, որոնց տակ է մնացել Ադրբեջանից դեպի Նախիջեւան տանող երկաթուղու մի քանի կիլոմետրը, Բաքվում Իրանի դեսպանն ասել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կնախապատրաստի այդ ճանապարհի միավորումը իրանական երկաթուղուն։
Փաստորեն, իրան-արցախյան ջրամբարները փակել են Զանգիլանից դեպի Սյունիքի մարզ եւ Նախիջեւան ճանապարհը։ Իրանը համառորեն առաջարկում է միանալ իր երկաթուղուն եւ նոր ճանապարհներ չփնտրել։